Ընդդիմությունը վատ եղանակի պատճառով հանրահավաք և երթ չի անցկացնի

17:05, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը մայիսի 23-ին հանրահավաք և երթ չի անցկացնի՝ հաշվի առնելով եղանակային վատ պայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Ինչպես և հայտարարել էինք` այսօր վաղ առավոտվանից շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը: Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն»,- գրել է Սաղաթելյանը։

Սաղաթելյանը կոչ է արել մայիսի 24-ին, առավոտյան ժամը 08:00-ին լինել Ֆրանսիայի հրապարակում՝ շեշտելով, որ միասին կարևոր անելիք ունեն:

Մայիսի 24-ին, ժամը 19:00-ին ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում Սասունցի Դավթի արձանի մոտ:

Իշխան Սաղաթելյանը հավելել է, որ այս շաբաթվա ընթացքում հանրահավաքները մեկնարկելու են Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու շարժմանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am