Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը թեմայով վարժանքներ են անցկացվել Տավուշի և Վայոց ձորի մարզերում

17:51, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը»  թեմայով վարժանքներ են անցկացվել  Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան և Վայոց ձորի մարզի Վայք ու Արենի համայնքների Սարավան, Կարմրաշեն, Ագարակաձոր բնակավայրերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշելով, որ մարզային փրկարարական վարչության և համայնքների հրշեջ փրկարարական ջոկատի աշխատանքային խմբերի կողմից իրականացվող վարժանքի ընթացքում գործարկվել է ազդարարման շչակները:

Բնակավայրերի վարչական շենքերում, մանկապարտեզներում, դպրոցներում անցկացվել են տեսական պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։ 

«Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն է անցկացվել նաև Իջևանի համայնքապետարանում:

Ուսումնավարժությունների ընթացքում ստուգվել են համայնքներում առկա պլանների իրատեսությունը, բնակչության տարահանման, պատսպարման հաշվարկները, համայնքների կազմավորումները և նրանց գործառույթներն արտակարգ իրավիճակների ժամանակ:

 

 


© 2009 ARMENPRESS.am