ՀԿ-ների հետ քննարկվել են ԲԴԽ որոշումների բողոքարկման, ՍԴ և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների հարցեր

18:41, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամփոփիչ քննարկում՝ դատաիրավական ռազմավարության ուղղությունների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ամփոփիչ վերլուծական քննարկումներ են ծավալվել Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման, փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման, Սահմանադրական դատարանին առնչվող բարեփոխումների ուղղությունների և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքի ուղղություններով:

«Ռազմավարության մշակման և ընդունման գործընթացը հնարավորինս մասնակցային դարձնելու համատեքստում՝ գույքագրվել են քաղհասարակության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված խնդիրները, դրանց ուղղությամբ հնչեցված առաջարկներն ու կարծիքները, ինչպես նաև նախանշվել են գործունեության հետագա ուղղությունները:

Փոխնախարար Մինասյանը քննարկման ընթացքում հատուկ արձանագրել է, որ ԲԴԽ որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման հարցը մատնանշվում է միջազգային գործընկերների կողմից: Այդ ուղղությամբ արդեն իսկ կազմակերպվել է քննարկում ԲԴԽ անդամների և ՀՀ տարբեր ատյանների դատավորների հետ, որոնց արդյունքում՝ դիտարկվել է չորս հնարավոր տարբերակ՝ ԲԴԽ որոշման բողոքարկում ԲԴԽ մեծ պալատ, Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան կամ նոր ստեղծվելիք անկախ մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ օրակարգի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքին և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ավելի ներառական ու լայն քննարկում՝ փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման հնարավոր ուղղությունների բացահայտման նպատակով:


© 2009 ARMENPRESS.am