Մարշալ Սերգեյ Խուդյակովի մասին վավերագրական ֆիլմը նոր լույս կսփռի նրա անցած ուղու վրա

19:04, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից ռազմաօդային ուժերի ստեղծողներից մեկի՝ Հայրենական մեծ պատերազմի հերոս, մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) մասին «Երկու ճակատագիր» ֆիլմը պատմում է նրա վերելքների ու վայրէջքների, ծանր ու փառահեղ օրերի մասին:

[gallery id= 65845]

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարը ցուցադրվեց մայիսի 23-ին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, Heritage and Progress հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ իրենց հիմնադրամի նպատակներից է ֆիլմեր նկարահանել հայ մարշալների մասին, մարդկանց, որոնց պետք է հիշել, որոնցով պետք է հպարտանալ, որոնցից պետք է սովորել:

«Առաջին հայը, որը մարշալի կոչում է ստացել, Արմենակ Խանփերյանցն է, որին ճանաչում են որպես Սերգեյ Խուդկայով անունով: Նա դժվար կյանք է ապրել, և նրա մասին շատերը շատ բան չգիտեն, օրինակ՝ ինչու նա դարձավ Խուդյակով, ինչու էր թաքցնում իր իրական անունն ու ազգանունը, ինչպես հայտնի դարձավ, որ նա հայ է, ինչի պատճառով տուժեց և այլն»,-պատմում է Սողոմոնյանը:

Վերոնշյալ հարցերի պատասխանները ֆիլմում կան: Հեղինակները տեղեկությունները պատշաճ և հավաստի մատուցելու համար օգտվել են արխիվային նյութերից, զրուցել են Սերգեյ Խուդյակովի հարազատների, մտերիմների, պատմաբանների հետ:

Արթուր Սողոմոնյանը ճանաչել է Սերգեյ Խուդյակովի որդուն՝ կրտսեր Սերգեյ Խուդյակովին, որը 2021-ին է կյանքից հեռացել: Նա ևս հոր մասին հետաքրքիր պատմություններ է պատմել, որոնք ներառվել են ֆիլմում:

«Կարծում եմ՝ կինոնկարը հաջողվել է: Պրեմիերան կազմակերպել էինք Մոսկվայում: Ֆիլմը 300-ից ավելի մարդ դիտեց, ինչից հետո ռուսական տարբեր հեռուստաընկերություններ այն ցուցադրելու առաջարկ արեցին: Նախատեսում ենք այն ցուցադրել նաև Հանրային հեռուստաընկերությամբ, քանի որ Խուդյակովի նման  մարդկանց մարդիկ պետք է ճանաչեն: Նրա պես մարդկանց կյանքն ուսումնասիրելով՝ շատ բան կարող ենք հասկանալ ու հպարտանալ հայ ազգով, որը տաղանդավոր է»,-շեշտում է Արթուր Սողոմոնյանն ու հավելում՝ առաջիկայում ֆիլմեր են նկարահանելու նաև նավատորմի հայազգի ծովակալ, զինհրամանատար, գիտնական, գրող Հովհաննես Իսակովի, Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանի, Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի, Խորհրդային Միության ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովի (Սարգիս Օհանյան) մասին:

Իսակովի մասին ֆիլմի նկարահանումներն արդեն մեկնարկել են: Սողոմոնյանն ասում է, որ նա շատ ինքնատիպ մարդ է եղել: Նկարահանումներն իրականացնելիս Սանկտ Պետերբուրգում ստեղծագործական խմբին շատերն են օգնել, քանի որ Իսակովի մասին շատ բան գիտեն, շատ լավ են ճանաչում և նախորդ տարի Իսակովի կիսանդրին են բացել: Սողոմոնյանը խոստովանում է՝ իրեն հաճելի է, որ իրենց հայրենակցին պաշտում են այնտեղ:

Սերգեյ Խուդյակովի օդային մարշալի անձի մասշտաբները դեռ չեն գնահատվել, մինչդեռ Խուդյակովը Մոսկվայի և Կուրսկի մարտերում իր ծառայությունների համար գլխապտույտ հաջողություններ է ունեցել՝ երեք տարում գնդապետից օդային մարշալ դառնալով: Հետո ճակատագիրը դաժան կատակ է խաղացել մարշալի հետ։ Պատերազմից անմիջապես հետո նա հանկարծակի ձերբակալվել է և չորս տարի տևած հարցաքննություններից ու խոշտանգումներից հետո դատապարտվել մահապատժի։ Ստալինի մահից հետո մարշալը լիովին վերականգնվել և վերականգնել է բոլոր կոչումներն ու մրցանակները։

Ֆիլմը նկարահանել է «Partner Film» կինոընկերությունը: Աջակցել են ՌԴ մշակույթի նախարարությունն ու Heritage and Progress հիմնադրամը:

Անժելա Համբարձումյան

 


© 2009 ARMENPRESS.am