Հայաստանի և Լատվիայի նախագահները քննարկել են տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման հեռանկարները

12:10, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Լատվիայի նախագահը նշել է, որ ուրախ է Վահագն Խաչատուրյանին ողջունել որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորելով նրան այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել։

Երկուստեք բարձր է գնահատվել հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան, ընդգծվել է այն ավելի հարստացնելու և զարգացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման հեռանկարները և Եվրոպական միության հետ համատեղ ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ:

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային անվտանգության արդիական խնդիրների ու մարտահրավերների շուրջ։

 

 


© 2009 ARMENPRESS.am