Գիրքը հասանելի դարձնել հեռավոր համայնքներում. 90-ամյա «Բուկինիստն» ընդլայնում է ծրագրերը

14:36, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գրքի հանրահռչակման ու տարածման գործում մեծ ավանդ ունեցող «Բուկինիստը», որն այս տարին տոնում է իր 90-ամյակը, ընդլայնում է  ծրագրերը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ  աշխատանքները տարբեր ուղղություններով են: Առաջնահերթություններից են գիրքը սահմանամերձ, հեռավոր համայնքներում առավել հասանելի դարձնելը:

«Երկարամյա աշխատանքի ընթացքում իմ նպատակներից էր «Բուկինիստը» Երևանի այցեքարտերից մեկը դարձնելը: Կարծում եմ՝ դա մեզ որոշ չափով հաջողվել է: Այժմ մեր խնդիրն է դուրս գալ շրջաններ, սահմանամերձ, հեռավոր գյուղեր: Այդ համատեքստում նախատեսում ենք ինչպես մասնաճյուղերի ցանցն ընդլայնել դեպի մարզեր, այնպես էլ առանձին միջոցառումների շրջանակներում այցելել հեռավոր գյուղեր, լինել դպրոցներում: Օրինակ՝ առաջիկայում սպասվող միջոցառումներից մեկի շրջանակում նախատեսում ենք գյուղերի դպրոցներ այցելել մշակույթի նշանավոր գործիչների հետ: Ներկայացնել նրանց, կազմակերպել գրքերի քննարկումներ: Կարծում եմ, որ նշանավոր գործիչներին իրենց դպրոցում տեսնելը աշակերտների համար մեծ երևույթ կլինի»,-ասաց Խաչիկ Վարդանյանը:

«Բուկինիստի» կարևոր ձեռքբերումներից է հրատարակչական գործում հաջողություններ ունենալը: Այն դարձավ ոչ միայն գիրք վաճառող, այլև՝ գիրք ստեղծող ընկերություն: 2000-ականներից սկսած «Բուկինիստը» 200-ից ավելի անուն գիրք ունի հրատարակած: Ծրագրեր կան ընդլայնելու միջազգային համագործակցությունը, ավելացնելու ինչպես թարգմանությունները, այնպես էլ օտարալեզու գրքերի ցանկը:

Այս հոբելյանական տարում «Բուկինիստը» նախատեսում է հանդես գալ մի շարք միջոցառումներով: Մեկնարկը տրվում է «Տոնից տոն» միջոցառմամբ, որի շրջանակում մայիսի 28-ից հունիսի 1-ը կլինեն զեղչված գներ և ընթերցասերները կարող են իրենց նախընտրած ցանկացած գիրք ձեռք բերել մատչելի տարբերակով:

«Բուկինիստ» ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աելիտա Չիլինգարյանի խոսքով՝ իրենց նպատակն է տարբեր առիթներ ստեղծել գիրք գնելու, այն միմյանց նվիրելու համար:

«Մենք ցանկանում ենք, որ գիրք նվիրելը, գիրք կարդալը լինի սովորություն: Մենք չսպասենք գիրք նվիրելու օրվան, այլ մյուս տոներն ու առիթները ևս օգտագործենք: Մենք անում ենք ամեն ինչ, որ ընթերցանությունը տարածվի»,- ասաց Աելիտա Չիլինգարյանը:

Այդ նպատակին ուղղված միջոցառումները տարվա ընթացքում շատ են լինելու: «Բուկինիստի» համար հոբելյանական տարին առանձնանալու է հետաքրքիր, ինքնատիպ նախաձեռնություններով:

Խաչիկ Վարդանյանը նկատեց, որ տարբեր ուղղություններով աշխատանքի արդյունքն է, որ տարեցտարի գրքի վաճառքի ծավալներն ավելանում են: 2019 թվականին ունեցել են գրքի վաճառքի ամենաբարձր ցուցանիշը: 2020 թվականի անկումից հետո 2021-ին այնպիսի ցուցանիշներ են գրանցել, որոնք գերազանցել են 2019-ի տվյալները:


© 2009 ARMENPRESS.am