Տնեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը նվիրված «Բրեյն-ռինգ»-ում հաղթեց Տավուշի մարզի դպրոցների հավաքականը

16:25, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Brain Ring» անվանումը կրող ամենամյա խաղ-մրցույթ՝ նվիրված տնտեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթում հաղթող ճանաչվեց Տավուշի մարզի հավաքական թիմը։

[gallery id= 65849]

Մրցույթի նպատակը ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։ 

Յուրաքանչյուր ուստարվա ավարտին «Brain Ring» մրցույթ կազմակերպելու գեղեցիկ ավանդույթը ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի միջև ձևավորվել է տարիների ընթացքում։ 

Յուրաքանչյուր մարզից մրցույթին մասնակցեցին 5-ական աշակերտների թիմեր։ Լոռու մարզը ներկայացնող թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, Արմավիրի մարզը ներկայացնող թիմը՝ երրորդ հորիզոնականը։ 

Հաղթողները ստացան հուշադրամներ և գրքեր ՀՀ կենտրոնական բանկի կողմից։  

Հատուկ հարցեր հնչեցվեցին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից։ Հարցերին ճիշտ պատասխանածներն ու թիմերը արժանացան այդ կառույցների հատուկ մրցանակներին։ 

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից Ալմաստ Մուրադյանը և ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից Հասմիկ Մակարյանը։


© 2009 ARMENPRESS.am