ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները Բիշքեկում կքննարկեն նավթագազային միասնական շուկա ստեղծելու հարցը

17:34, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները մասնակցելու են մայիսի 26-ին Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին, իսկ դրա նախօրեին՝ մայիսի 25-ին, տեղի է ունենալու էներգետիկայի նախարարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու են նավթի եւ գազի միասնական եվրասիական շուկայի ստեղծմանն առնչվող հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության պետ Դանիյար Տուրուսբեկովը:

Մայիսի 26-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի կունենա Եվրասիական տնտեսական առաջին համաժողովը, որը նվիրված է լինելու եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հետագա զարգացման խնդիրներին եւ ԵԱՏՄ-ում ընդհանուր տնտեսական զարգացման թարմացված առաջնահերթություններին:  Համաժողովի անցկացումը երկու տարի շարունակ հետաձգվում էր կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով: Ֆորումին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 2500 հոգի ԵԱՏՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև լատինաամերիկյան եւ հարավարևելաասիական երկրներից: Համաժողովի ընթացքում տեղի է ունենալու 6 պանելային քննարկում, 21 թեմատիկ նիստ: Միջոցառման շրջանակներում նախատեսված է մոտ 10 փաստաթղթի ստորագրում:

 

 


© 2009 ARMENPRESS.am