ՀՀ և Լեհաստանի նախագահները մտքեր են փոխանակել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ

19:24, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Անջեյ Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում:

«Միևնույն ժամանակ, երկու երկրների ղեկավարները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր լիցք և բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը և կարևորել համատեղ ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի և «Վարշավայի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ միջև համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել:

 


© 2009 ARMENPRESS.am