Վահագն Խաչատուրյանը և ՄԱԶԾ ղեկավարը կարևորել են Հայաստանի կայուն զարգացման ծրագրերի շարունակականության ապահովումը

19:34, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավար Ախիմ Շտայների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը կարևորել է ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանի կայուն զարգացման առանցքային նպատակներին և ազգային բարեփոխումների առաջնահերթությունների իրականացմանն հասնելու գործում։

«Ընդգծվել է, որ ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հիմնված երկրի կարիքների և հնարավորությունների վերլուծության վրա, մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի զարգացման համար։

Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի կողմից իրականացվող՝ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի աշխատանքի մասին, որն ուղղված է Հայաստանի զարգացման ներուժի բացահայտմանն ու իրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ շարունակականության ապահովումը, ինչպես նաև ջանքերի համատեղումը՝ թվային տեխնոլոգիաների զարգացման համար։


© 2009 ARMENPRESS.am