Նախաստորագրվել է Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի 65,03%-ի գնման մտադրությունների հուշագիր

20:12, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ մայիսի 24-ին Վարշավայի ֆոնդային բորսայի տնօրեն Մարեկ Դիետլը և Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) տնօրեն Հայկ Եգանյանը նախաստորագրել են Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից, հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա Հայաստանում՝ հունիս ամսվա ընթացքում։

Ըստ աղբյուրի՝ «Վարշավայի ֆոնդային բորսայի խումբը (GPW Group) իր հարթակներում կազմակերպում է բաժնետոմսերի, գանձապետական և կորպորատիվ պարտատոմսերի, ածանցյալ գործիքների, էլեկտրաէներգիայի և գազի առևտուր, ներառյալ WIBOR և WIBID: FTSE Russell ինդեքսային գործակալությունը լեհական կապիտալի շուկան 2018 թվականից դասակարգում է որպես զարգացած շուկա: GPW Group-ի շուկաներն ամենամեծն են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:

ՀՖԲ-ն Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է, որը կազմակերպում է ինչպես արժեթղթերի, այնպես էլ այլ ֆինանսական գործիքների առևտուր։ ՀՖԲ-ն հանդիսանում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100% բաժնետերը։ ՀՖԲ բաժնետոմսերի 90,05 տոկոսը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։


© 2009 ARMENPRESS.am