Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

17:04, 25 Մայիս, 2022

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի մայիս ամսի առաջին 24 օրերի ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 14 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի մայիսի 24-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 88 սանտիմետր նիշի դիմաց։Իսկ այս տարվա մայիսի սկզբին լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա։ Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա հունվարից մինչեւ մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 104 միլիոն 485 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։ Ոռոգման նպատակներով առայժմ Սեւանա լճից ջրբացթողումներ չեն իրականացվում։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am