Գլովոն քաղաքի ցանկացած կետից 30 րոպեում ձեզ կհասցնի սնունդ, դեղ, անգամ մոռացված բանալի. համահիմնադիրը՝ ընկերության մասին

19:38, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առցանց գնումների առաքում իրականացնող առաջատար «Գլովո» ընկերության հաջողության բանալին հիանալի սպասարկումն է. քաղաքի ցանկացած կետից ցանկացած ժամի ընդամենը մինչև 30 րոպեում «Գլովո»-ն ձեզ կառաքի սնունդ, դեղ, տեխնիկա, անգամ աշխատավայրում մոռացված ձեր բանալին: Ընկերության առաջարկների, առավելությունների և Հայաստանում գործունեության մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանում գտնվող «Գլովո»-ի համահիմնադիր Սաշա Միշոդի հետ:

-Պարոն Միշոդ, հետաքրքիր կլինի լսել «Գլովո»-ի պատմությունը հենց Ձեզնից, ե՞րբ և որտե՞ղից է սկսվել ընկերության պատմությունը:

-Պատմությունը սկսվել է 2015 թվականի սկզբին, ընդամենը 7 տարի առաջ Իսպանիայում՝ Բարսելոնայում: Այսպիսով` մեր գլխավոր գրասենյակը հիմնադրել ենք Իսպանիայում: Հիմնադիրներն ենք ևս և Օսկար Պիերը: Հավելվածի առաջին տարբերակը գործարկեցինք Բարսելոնայում 2015 թվականի մարտին: Այդ ժամանակից ի վեր  մենք շատ արագ աճեցինք,  ընդլայնվեցինք Եվրոպայում՝ Իտալիայում, Պորտուգալիայում: Մենք տեղափոխվել ենք նաև Արևելյան Եվրոպա՝ Լեհաստան, Բալկանյան տարածաշրջան և, իհարկե, այս տարածաշրջան՝ Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և վերջերս նաև՝ Հայաստան: Հայաստանում մեր աշխատանքը սկսեցինք շուրջ 6 ամիս առաջ: Մենք այսօր գործում ենք աշխարհի 25 երկրում, այդ թվում՝  աֆրիկյան 7 երկրում, գործունեություն ենք ծավալում 1500 քաղաքում, ունենք 3500 աշխատող, 75000 առաքիչներ: Մենք ունենք 150 000 գործընկեր, դրանք խանութներ են, ռեստորաններ, մանրածախ վաճառողներ, որոնք վաճառքն իրականացնում են մեր հարթակում: Այսպիսով` ունենք 8 միլիոն ակտիվ հաճախորդ, նրանք այն մարդիկ են, որոնք այդ խանութներից, ռեստորաններից առցանց գնում են կատարում: Այսպիսով, մենք կարճ ժամանակում շատ արագ  աճել, զարգացել ենք և իսկապես ուրախ ենք, որ այստեղ ենք՝ Հայաստանում:

-Ձեր ընկերությունն այսպիսով գործում է աշխարհի 25 երկրում, այս տարի ընդլայնվելու պլաններ ունե՞ք, եթե այո, ապա ո՞ր երկրներում:

-Այս պահին կոնկրետ երկիր չենք առանձնացրել, մենք դիտարկում ենք երկու տարածաշրջան՝ և՛ այս տարածաշրջանը, և՛ Աֆրիկան: Այս երկու տարածաշրջաններում մենք ընդլայնվում ենք՝ փնտրելով հնարավոր երկրներ: Մենք նաև ընդլայնում ենք մեր գործունեությունն այն երկրներում, որտեղ գործում ենք: Լավ օրինակ՝ մենք գործում ենք Վրաստանի և Հայաստանի երկու քաղաքներում, բայց նպատակը դրանք ընդլայնելն ու այստեղ նոր քաղաքներում ևս գործունեություն սկսելն է: Այսպիսով` այն երկրներում, որտեղ գործում ենք, կընդլայնվենք բազմաթիվ քաղաքներում՝ ավելի շատ հաճախորդներ, ավելի շատ ռեստորաններ և խանութներ ներգրավելով:

-«Գլովո»-ն միայն սննդի առաքման ընկերություն չէ: Ի՞նչ լրացուցիչ ծառայություններ եք առաջարկում սպառողներին:

-Մենք առաջին իսկ օրվանից բազմաբնույթ ենք, ինչը մեզ մրցակիցներից տարբեր է դարձնում: Եթե մեր մրցակիցները կկենտրոնանային միայն ռեստորանային սննդի վրա, ապա մենք առաջին իսկ օրից՝ 2015 թվականի մարտից, միշտ եղել ենք բազմաբնույթ: Այսպիսով, ռեստորանները մեր ամենամեծ ճյուղն են, մթերային խանութները ծավալով երկրորդն են: Մենք աշխատում ենք թե մեծ, թե փոքր սուպերմարկետների հետ, մեծ ցանցերի հետ, մասնագիտացված խանութների հետ, օրինակ՝ գինու խանութներ, պանրի խանութներ, էլեկտրոնիկայի խանութներ: Աշխատում ենք նաև դեղատների հետ: Հավելվածում նաև ավելի ու ավելի կարևոր են դառնում նորաձև հագուստները: Այսպիսով` մեր հաճախորդները գիտեն, որ ցանկացած ապրանք կհասցնենք իրենց 30 րոպեում նույն գնով, ինչ գին կվճարեին, եթե իրենք անեին դա:

-«Գլովո»-ն որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է Հայաստանում, ի՞նչ է այն առաջարկում սպառողներին:

-Մենք սկսել ենք Հայաստանում գործել անցյալ տարվա սեպտեմբերից: Կարծում եմ, որ մենք իսկապես լավ որակի ծառայություն ենք բերել: Շատ ծիծաղելի էր. երբ մենք սկսեցինք մեր աշխատանքը Հայաստանում, հաճախորդներն իրենց լանչը պատվիրում էին առավոտյան ժամը 10:00-ին, և, իհարկե, մենք 30 րոպեում հասնում էինք՝ շաուրմայով կամ լանչի այլ ուտեստով, և նրանք ասում էին՝ դեռ շատ վաղ էր, քանի որ նրանք սովոր էին առաքման համար սպասել 2 կամ 3 ժամ: Այսպիսով, ես կարծում եմ, որ առաջինը իսկապես լավ ծառայությունն է: Մեր հաճախորդները կարող են նաև ամեն պահի տեսնել, թե որտեղ է առաքումը, երբ նրանք պատվեր են կատարում, նրանք գիտեն, թե երբ է առաքիչը վերցնում ապրանքը խանութից, քաղաքի որ մասում է և թե երբ կհասնի: Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, գուցե դուք ինչ-որ բան եք անում և ցանկանում եք ճշգրիտ իմանալ, թե երբ կհասնի ապրանքը: Այսպիսով, ծառայության որակը ամենաառաջինն է: Երկրորդը, կարծում եմ, լավ կոնտենտ, առաջարկ ունենալն է, այսինքն` ունենալ ոչ միայն լայն ցանց, այլ՝ այն հիանալի ռեստորանները, որոնք ձեզ դուր են գալիս կամ ձեր նախընտրելի սուպերմարկետները, խանութները: Այսպիսով, ես կարծում եմ, որ լավագույն գործընկերները և հիանալի սպասարկումը մեր հաջողության բանալին են:

-Տեսակետ կա, որ յուրաքանչյուր հաջողակ մարդ, հաջողակ բիզնես ունի հաջողության իր գաղտնիքը: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է հաջողության ձեր գաղտնիքը:

- Կարծում եմ՝ շատ տարբեր երկրներում, շատ տարբեր մշակույթներում շատ տեղական լինելը: Երբ մենք սկսում ենք գործունեություն որևէ երկրում, մենք հավաքում ենք տեղական թիմ՝ վարելու բիզնեսը: Նույնն արվում է և Հայաստանում: Այստեղ թիմում 15 հոգի ունենք, սակայն ընդլայնում ենք թիմը: Նրանք քաջատեղյակ են տեղի քաղաքներին, կարիքներին: Այսպիսով, ես կարծում եմ, որ դա մեր հաջողության բանալին է: Տեղական թիմն է վարում բիզնեսը: Մեր բիզնեսն այստեղ՝ Հայաստանում, շատ տարբեր է այլ երկրներից, քանի որ թիմը նույնականացված է: Եվ ես կարծում եմ, որ սա մեր հաջողության բանալին է:

-Ո՞րն է «Գլովո»-ի հիմնական տարբերությունը առաքման այլ ծառայություններից:

-Կարծում եմ՝ բազմաբնույթ լինելը։ Մեր տեսլականը ձեր քաղաքում բոլորին ցանկացած բան հեշտ հասանելի դարձնելն է: Սնունդ պատվիրելը և առաքմամբ ստանալը հիանալի է: Բայց, կարծում եմ, ապշեցուցիչ է, երբ գիտես, որ դու արտակարգ իրավիճակում ես, գիշերը ժամը 11:00-ին երեխան լաց է լինում, իսկ դու տակդիր չունես, ապա կարող ես պատվիրել Glovo-ով, և մենք կհասցնենք քեզ տակդիրներ 30 րոպեից: Դուք կզարմանաք, եթե իմանաք, թե մենք որքան բանալի ենք առաքում քաղաքում: Եթե դուք տուն եք հասել, բայց բանալիները մոռացել եք աշխատավայրում, ապա մենք կվերցնենք դրանք և կհասցնենք ձեզ կամ այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատավայրում են, սակայն իրենք դպրոցից տուն են վերադառանում: Այսպիսով, մենք փրկիչ ենք արտակարգ իրավիճակներում, կարիքի դեպքում, ինչը, կարծում եմ, հիանալի է: Եվ դա հուզական կապ է ստեղծում մեր հաճախորդների հետ: Այսպիսով, մենք պարզապես սննդի առաքման հավելված չենք:

-«Գլովո»-ն Հայաստանում հասանելի է երկու քաղաքում՝ Երևանում և Գյումրիում։ Ընդլայնման ի՞նչ ռազմավարություն ունեք, կա՞ն ընդլայնվելու ծրագրեր և ո՞ր քաղաքներում։

-Սովորաբար, և Հայաստանը բացառություն չէ, մենք գործում ենք ամենամեծ կոսմոպոլիտ քաղաքներում, որտեղ կան հիանալի ռեստորաններ և խանութներ, հաճախորդները թվային տեխնոլոգիաներից շատ են օգտվում, հետո մենք ընդլայնվում ենք դեպի ամենամեծ քաղաքներ՝ կախված աշխարհագրական դիրքից:  Մեզ դուր են գալիս համալսարանական քաղաքները, որտեղ կան երիտասարդներ, որոնք կիրառում են թվային տեխնոլոգիաներ: Այսպիսով, մենք այժմ երկու քաղաքում ենք, ընդլայնվում ենք Հայաստանի այլ քաղաքներում: Ես հիմա քաղաքների հստակ ցուցակը չունեմ, բայց, ընդհանուր առմամբ մենք առաջին հերթին կսկսենք ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքներից:

-Կցանկանայի՞ք որևէ այլ թեմայից խոսել, որի մասին գուցե չեմ հարցրել:

-Ինչպես նշեցի՝ մենք սիրում ենք քաղաքների մաս լինել: Մենք արդեն  300-ից ավելի առաքիչներ ունենք, այսինքն՝ 300 մարդիկ, ովքեր աշխատում են հարթակում, եկամուտ են ստանում, մինչև հաջորդ տարի թիվը կհասնի հազարի: Մենք արդեն ավելի քան 400 գործընկեր ունենք, որոնք վաճառք են իրականացնում հարթակում: Նրանց 90 տոկոսը փոքր բիզնեսներ են, սա նույնպես կարևոր է: Մենք աշխատում ենք հանրային կառավարման մարմինների հետ, փորձում ենք լինել էկոհամակարգի մաս, հիմնում ենք տեղական ընկերություններ, ունենք մի քանի տեղական թիմեր: Այսպիսով` մենք փորձում ենք, ըստ էության, հնարավորինս շատ լինել Հայաստանի այն քաղաքների մաս, որտեղ գործում ենք: Մենք նաև ունենք առաքիչի անվտանգության ուսուցում, որը չափազանց կարևոր է: Դուք գիտեք, որ նրանք մոտոցիկլետներով և հեծանիվներով են առաքում անում, և ես կարծում եմ, որ այդ ուսուցումը շատ կարևոր է: Այսպիսով, մենք նոր ենք սկսում: Մենք ունենք լավ օրինակներ հարևան երկրներում, որտեղ խոշոր բիզնեսներ ունենք: Մենք Վրաստանում սկսեցինք գործել 4 տարի առաջ, և այն տասն անգամ ավելին է, քան բիզնեսը: Այսպիսով, Հայաստանը հսկայական աճ է ունենալու, և մենք տեսնում ենք, որ թիմն ապշեցուցիչ է, տեղի թիմը հիանալի է գործում, ուստի ես իսկապես ոգևորված եմ: Ես այստեղ եմ 3 օրով, բայց շատ շուտով կվերադառնամ։


© 2009 ARMENPRESS.am