Հյուսիսային Կորեայում հայտնում են կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին

13:58, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով վարակումների օրական դեպքերի թիվը վերջին երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ 100 հազարից նվազել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի պետական գործակալությունը:

Շաբաթներ առաջ պաշտոնապես հայտնի էր դարձել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի բռնկման մասին, ինչի հետևանքով երկրի տարածքում հայտարարվել էր արտակարգ դրություն և լոքդաուն:  

Հյուսիսային Կորեայի պետական գործակալության տվյալներով՝ մայիսի 27-ի երեկոյի տվյալներով՝ երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 88 հազար 520 դեպք: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 69 է: Հյուսիսային Կորեան չի հաստատել կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, մասնագետները կարծում են, որ իրական թվերը շատ ավելին են, քան հայտարարվում է: Նշվում է, որ երկրում չկա թեստերի, ինչպես նաև անհրաժեշտ դեղամիջոցների բավարար քանակ:

Հարավային Կորեան ու Միացյալ Նահանգներն առաջարկել են իրենց օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում՝ այդ թվում և պատվաստանյութի տեսքով, սակայն Հյուսիսային Կորեան չի պատասխանել այդ առաջարկին:


© 2009 ARMENPRESS.am