Արամ Ոսկանյանը` «Արարատ»-ի գլխավոր մարզիչ

16:26, 1 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 46-ամյա մասնագետ Արամ Ոսկանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արամ Ոսկանյանը ֆուտբոլիստի հագեցած կարիերա է ունեցել՝ հանդես գալով մի շարք հայկական և արտասահմանյան ակումբներում: 1995-ից 1998 թվականներին նա խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ: Որպես գլխավոր մարզիչ նա աշխատել է «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում և ղազախական «Ատիրաու» ակումբում:

«Մեծ պատասխանատվությամբ ընդունեցի «Արարատի» առաջարկը՝ իմանալով թե ակումբն ինչպիսի հեղինակություն և նվիրված երկրպագուների բանակ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Ես մոտ չորս տարի խաղացել եմ «Արարատում» և իմ հիմնական ֆուտբոլային կրթությունը մեծահասակների ֆուտբոլում ստացել եմ այստեղ: Պարոն Ղարաբաղցյանի հետ այսօր շրջեցինք բազայում... հիանալի բազա է և բոլոր պայմանները կան լավ արդյունք ցույց տալու համար»,- նշել է Արամ Ոսկանյանը «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հարցազրույցում:

Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբին են միացել նաև օգնականներ Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը:


© 2009 ARMENPRESS.am