Հանրությանը ներկայացվեց «Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գիրքը

16:44, 2 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, կարող է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների համար իրենց նախնիների մասին տեղեկություններ հայթայթելու կարևոր աղբյուր լինել։ 

[gallery id= 65905]

«Արմենպրես»-ի հետ զրույցում գրքի հեղինակ, ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը նշեց, որ գրքում ներկայացված արխիվային փաստաթղթերը սկզբնաղբյուրային արժեքավոր տեղեկություն են Հայոց ցեղասպանության ընթացքում տեղի ունեցած երեխաների բռնի տեղափոխման և բռնի ամուսնությունների մասին: Շրջանառության մեջ են դրվում Ազգերի լիգայի արխիվից (Ժնև, Շվեյցարիա) բերված Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 անձնաթերթ՝ բնօրինակ անգլերենով և հայերեն թարգմանությամբ, ճշգրտված տեղանուններով, ծանոթագրություններով և վերապրածների լուսանկարներով: Վերապրածներն ազատագրվել էին Ազգերի լիգայի հանձնակատար, դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի ջանքերով՝ ապաստան գտնելով Հալեպի փրկության տանը:

Էդիտա Գզոյանը պատմեց, որ գրքի վրա աշխատել է 15 տարի։ Անկեղծացավ՝ գիրքը գրելիս զգացական առումով շատ դժվարություններ է ունեցել։ Նա նշեց,  որ արձանագրությունները գրված են եղել ձեռագրով, ինչը բարդացրել է աշխատանքը։ 

Նրա խոսքով՝ գրքում կան շատ կարևոր տեղեկություններ։ Այն գիտնականների համար կարող է աղբյուրագիտական հենք լինել նոր հետազոտությունների համար։ Գիրքը կարող է  վերապրողների ժառանգների համար կարևոր աղբյուր լինել։ Ընթերցողները, նրա խոսքով, կարող են գտնել իրենց նախնիների պատմությունները։

«Գրքի նախապատրաստական փուլում մի ռումինահայ էր ժամանել։ Եկել էր թանգարան և փորձում էր իր նախապապին գտնել։ Շատ քիչ տեղեկություն գիտեր նրա մասին․ անունն էր հիշում, հիշում էր նաև, թե որ քաղաքից է։ Կարողացանք այս պատմությունների մեջ գտնել իր նախապապին»,- պատմեց հեղինակը։ 

Սա Էդիտա Գզոյանի երկրորդ գիրքն է, և, ինչպես նշում է հեղինակը, վերջինը չի լինելու։ 

Հեղինակի խոսքով՝ գիրքը  կարող է անսպառ աղբյուր լինել նոր գաղափարների համար։ 

 


© 2009 ARMENPRESS.am