Շակիրան և Պիկեն հաստատել են, որ բաժանվում են

17:17, 4 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիացի երգչուհի Շակիրան և «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն բաժանվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը, լուրը հաստատվել է նրանց PR գործակալության տարածած հայտարարությամբ:

«Մենք ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարեկեցության, ինչը մեզ համար առաջնահերթություն է, խնդրում ենք, որ հարգեք գաղտնիությունը», - ասված է հայտարարությունում:

45-ամյա Շակիրան և 35-ամյա Պիկեն միասին են 2011 թվականից և ունեն երկու երեխա։ Նրանք հանդիպել էին  Հարավային Աֆրիկայում 2010 թվականին աշխարհի գավաթից առաջ, երբ Պիկեն նկարահանվել էր Շակիրայի «Waka Waka» երգի տեսահոլովակում, որը մրցաշարի պաշտոնական երգն էր։

 


© 2009 ARMENPRESS.am