ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին

18:42, 6 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից  հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են Հայաստանում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից։

«Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել  նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց»:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար պետք է  դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։


© 2009 ARMENPRESS.am