Սերժ Թանկյանն ու Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով

20:21, 6 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով: Նրանք երաժշտասերներին են ներկայացրել «Ամպեր» երգը: Երգի հոլովակը, որի ռեժիսորը Հրագ Եդալյանն է, արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամպեր» երգը գրվել է 2017 թվականին, երբ Թանկյանն իր ընկերներ Ատոմ և Արսինե Էգոյանների, Էրիկ Նազարյանի հետ այցելել է Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդներ հանդիսանալու համար որպես «Արդարություն հանուն Հայաստանի» կոալիցիայի անդամ:  

«Քվեատուփին չհասած ՝ընտրությունների ճարպիկ գողությունից այնքան էի ցնցված, որ ծնվեց երգը։ Երգը հորդորում է միասնական ու ներդաշնակ լինել, ինչը հայ ազգի միակ և իսկապես հզոր ուժն է»,-նշում է Թանկյանը:

Երգի վերջնական տարբերակը ավարտին է հասցվել 2022-ին։

«Ամպեր» երգի վերջնական տարբերակը Սևակ Ամրոյանի հետ կատարելու  մասին խոսելով՝ Սերժ Թանկյանն ասում է. «Սևակի ձայնը եզակի ուժ ունի: Ես սիրով լսում էի նրա կատարումները, որոնցից էր «Յարխուշտան», այնպես որ նրան հանդիպելուց ի վեր մեծ ակնկալիքով սպասում էի միասին աշխատելուն»:     

Սևակ Ամրոյանն էլ խոստովանում է, որ Սերժ Թանկյանի երգերը լսել է մանկուց և հպարտությամբ:

«Ծանոթանալով Սերժի հետ՝ հասկացա, որ աշխարհահռչակ երաժիշտ լինելուց բացի, նա լավ հայ է ու բացառիկ հայրենասեր: Ես շատ ուրախ եմ մեր համագործակցության համար ու շնորհակալ Սերժին, որ «Ամպեր» երգը միասին ենք երգում: Դա ինձ համար մեծ պատիվ է»,-ընդգծում է Ամրոյանը:

Թանկյանն իր անձնական և մասնագիտական կարիերայի ընթացքում պայքարել է բազմաթիվ հասարակական, քաղաքական հարցերի արդար լուծման համար: Նա հաճախ երաժշտությունն օգտագործել է որպես գործիք՝ ոգեշնչելու և միավորելու մարդկանց հանուն փոփոխությունների: «Ամպեր» երգը նրա երկարատև ջանքերի ամենանոր էջն է:

 


© 2009 ARMENPRESS.am