Կանցկացվի «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ճաշատեսակների գաստրոփառատոնը

12:08, 7 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 11-ին կանցկացվի «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ճաշատեսակների գաստրոփառատոնը: Այն կմեկնարկի ժամը 17:00-ին Երևանի «Խաչքարերի պուրակում» (մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ) և կտևի մինչև 21:00-ն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ  փառատոնի նպատակն է հանրությանը, Երևան այցելած զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները: 

Փառատոնի ընթացքում խոհանոցային ոլորտի կազմակերպությունները, ռեստորանների ներկայացուցիչները, տեղական հանրային սննդի արտադրանք ներկայացնող ընկերությունները, ՀՀ-ում գործող սննդի ուսումնաարտադրական քոլեջները և ուսումնարանները առանձին տաղավարներով կներկայացնեն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար և հայկական ավանդական տոները, տոների խորհուրդը, ծիսական ավանդույթները և ուտեսները: Փառատոնի ողջ ընթացքը կուղեկցվի հայկական ազգային երգով ու պարով:                                                                                               

 Փառատոնն անցկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն։


© 2009 ARMENPRESS.am