Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ տասը մարզերի 37 համայնքներից  սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը

18:12, 7 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի տասը մարզերի 37 համայնքներից  ստացված սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը, որոնք հիմնականում վերաբերել են ասֆալտապատման աշխատանքներին, մանկապարտեզների կառուցմանն ու հիմնանորոգմանը, բակային տարածքների բարեկարգմանը, գազաֆիկացման աշխատանքներին, ջրամատակարարման ցանցի կառուցմանը, լուսավորության համակարգերի ներդրմանը և այլնի։


© 2009 ARMENPRESS.am