Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

16:30, 8 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 8-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարեւորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի պաշտոնական այցը Հայաստան եւ գնահատել կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը ներկա են եղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենղինին:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ Թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս հարցում փոխխոսնակն ընդգծել է հանձնաժողովի աջակցության անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նորաստեղծ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը կարեւորել է արգասաբեր համագործակցությունը Հայաստանի հետ:


© 2009 ARMENPRESS.am