Հայ մասնագետների մշակած ծրագիրը կօգտագործվի Զամբիայի կառավարության կողմից

18:20, 8 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Synergy ընկերության ստեղծած համակարգն օգնելու է մոտ 15 հազար ընտանիքի Զամբիայում նվազեցնել հիգիենայի խնդիրներից առաջացող հիվանդությունների ռիսկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստորագրվել է համաձայնագիր Զամբիայի սանիտարական նախագծի պատվիրակության հետ:

«Օգտագործելով մեր մշակած ավելի քան 800 ցուցիչ՝ այսօր Զամբիայի սանիտարական նախագիծն օգնում է բազմաշերտ ու ընդլայնված մոնիտորինգ իրականացնել: Համակարգն այս պահին աջակցում է մոտ 15 000 ընտանիքի նվազեցնել հիգիենայի խնդիրներից առաջացող հիվանդությունների ռիսկը: Նախագծի հաջորդ փուլերում նախատեսվում է, որ կընդգրկվի ևս 250 000 շահառու»,-նշել է Synergy-ի ծրագրերի տնօրեն Հայկ Մանուկյանը:

Զամբիայի կառավարությունն իրականացնում է Լուսակայի սանիտարական ծրագիրը, որը հիգիենիկ պայմաններով կապահովի ամենաաղքատ տնտեսություններին: Ծրագիրն ընդգրկում է կոյուղու ցանցի ընդլայնում, սանիտարական ենթակառուցվածքների և ոլորտի կառավարման համակարգերի մշակում: Նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ:

«Վերջին հինգ տարում Synergy-ի մասնագետներն օգնել են մեզ՝ իրականացնելով ծրագրի ուսումնասիրության, նախագծման, մշակման և թվայնացման աշխատանքները, որի նպատակն է հեշտացնել սանիտարական և հիգիենայի արդյունավետության գնահատումն ու ներդրումները Լուսակայում»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Լուսակայի ջրամատակարարման և ջրահեռացման ընկերության տնօրեն Ժոնաթան Կամպատանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am