Ուղևորը դանակահարել է երթուղայինի վարորդին. ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը և ձերբակալել նրան

10:51, 10 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հունիսի 9-ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով 65-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Բուժհաստատություն են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ սպանության փորձի հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները, համագործակցելով Ավանի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկել են  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է՝ տուժողն ավտոբուսի վարորդ է։ Երթուղում նրա և ուղևորներից մեկի միջև վեճ էր սկսվել։ Միկոյան փողոցում նրանք իջել էին ավտոբուսից, ապա ուղևորը դանակահարել էր վարորդին։ Նոր Նորքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են կասկածվողի ինքնությունը։ Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ, 55-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։

Նա ներկայացվել է քննչական մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


© 2009 ARMENPRESS.am