Մարզերի երիտասարդների համար անցկացվել են ֆինանսական գրագիտության դասընթացներ

13:10, 10 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի կենտրոնում տեղի է ունեցել «Հմուտ երիտասարդները հանուն համայնքի զարգացման» երկամյա դրամաշնորհային ծրագրի ավելի քան 50 շահառուների հանդիպումը «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ: 

Ծրագրի նպատակն է նպաստել Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերի 16-35 տարեկան երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալական ներառմանը և ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը: 

HSBC բանկի կողմից ֆինանսավորվող այս ծրագրի շրջանակում բանկի աշխատակիցները կամավորական սկզբունքով մեկնել են Վանաձոր, որտեղ անցկացրել են ֆինանսական գրագիտության դասընթացներ, ինչպես նաև կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են հետագայում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար: Ընդհանուր քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի հետագա քայլերին, ինչպես նաև խոսվել առկա մարտահրավերների մասին, որից հետո երիտասարդները բանկի աշխատակիցներին ուղղել են իրենց հուզող բազմաթիվ հարցեր: 

«Մարզերի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումը կարևոր խնդիրներից է, որի ուղղությամբ առաջին տարին չէ, որ աշխատում ենք «Օրրան» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ: Առհասարակ, շատերը բանկերի հետ առնչվելիս բախվում են տեղեկացված չլինելու խնդրին, իսկ ոմանք էլ դժվարանում են արդյունավետ կառավարել սեփական ֆինանսները: Սակայն այս ամենն առավել վառ կերպով է արտահայտվում մարզերում, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում այնտեղի առանց այն էլ ոչ այնքան բարեկեցիկ կյանքով ապրող մեր հայրենակիցների կյանքում: Մեր բանկը մշտապես հոգածություն է ցուցաբերում հասարակության սոցիալական խնդիրների նկատմամբ` կորպորատիվ պատասխանատվություն դրսևորելով որոշակի ուղղություններով: Մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ մարզերում բնակվող մեր հայրենակիցների բարեկեցիկ ապագայի կառուցման հարցում` տրամադրելով նրանց համապատասխան գիտելիքներ և գործիքակազմ բիզնես կառուցելու կամ աշխատանք գտնելու համար», - նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

«Օրրան»-ը բարեգործական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000 թվականին: Նրա առաքելությունն է խոցելի խմբերի երեխաներին հավաքագրել փողոցից և ներգրավել կրթական, մշակութային և արհեստագործական գործունեության մեջ, ինչպես նաև աջակցել միայնակ և կարիքավոր տարեցներին:


© 2009 ARMENPRESS.am