Շողակաթի բոլոր բնակավայրերում կառուցվելու է լուսավորության ցանց

18:42, 13 Հունիս, 2022

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի վարչական կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շողակաթի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն 8 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է Շողակաթ, Դրախտիկ, Արտանիշ, Ծափաթաղ, Աղբերք, Ջիլ գյուղերում  լուսավորության ցանց կառուցել շուրջ 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Կտեղադրվի ԼԵԴ համակարգով աշխատող 200 լուսատու։Շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում։ Աշխատանքները կիրականացնեն «Աշոտ եւ Հայկ» ՍՊԸ շինարարները։

Խոսրով Խլղաթյան

 


© 2009 ARMENPRESS.am