ՀՀ փոխվարչապետի և ԵՄ դեսպանի մասնակցությամբ քննարկվել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերը

20:06, 13 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը ներկա են եղել ինչպես ՀՀ գերատեսչությունների, այնպես էլ՝ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ՓՄՁ աջակցության ծրագրի շուրջ առկա համաձայնությունն ու դրա պաշտոնական ստորագրման շուտափույթ կազմակերպումը:

«Երկուստեք կարևորվել են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման ծրագիրը և դրա շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ կատարվող փորձագիտական աշխատանքները:

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետն ընդգծել է նաև Սյունիքի մարզում COAF հիմնադրամի հետ նախատեսված համատեղ ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կնպաստի Սյունիքում կրթության որակի բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել նաև Երևանի կանաչ զարգացման ուղենիշի ներքո պլանավորված էներգաարդյունավետության խթանման ծրագրին և դրա շրջանակում Երևանում մանկապարտեզների և պոլիկլինիկաների վերակառուցմանը:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել մի շարք առանցքային ուղղություններով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո հաջորդ ծրագրային փաթեթի հնարավոր ուղղությունների շուրջ:

Հանդիպման վերջում ընդգծվել է երկուստեք պատրաստակամություն Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված և 2021 թվականի հուլիսին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարված աջակցության փաթեթի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքն ապահովելու վերաբերյալ:         

 


© 2009 ARMENPRESS.am