Նորարարությունը պետք է ստեղծել ոչ թե տեղական, այլ մեծ շուկայի համար. «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ

14:10, 15 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մենք շատ լավ աշխատուժ ունենք, բայց բազմազանությունն է պակասում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Գիտության և գործարարության օրեր-2022» գիտաժողովում այս մասին ասաց «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարապետ, «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը՝ նշելով, որ Սիլիկոնյան հովտի հաջողության մեծ մասը բազմազանության մեջ է:

«Այնտեղ տարբեր ազգերի մարդիկ են, տարբեր մտածելակերպի, իսկ նորարարության մեջ բազմազանությունը կարևոր է»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ  գիտությունը տեղական հարց չէ, այն գլոբալ հարց է: «Այնքան նորարարությունները, որ մենք պետք է անենք, չպետք է լինեն միայն տեղական շուկայի համար: Նորարարությունը պետք է ստեղծել ոչ թե տեղական, այլ մեծ շուկայի համար: Ստարտափերը, որոնք ստեղծվում են, պետք է գլոբալ շուկայի համար նախատեսված լինեն, քանի որ հաջողությունը հենց դրա մեջ է»,- ասաց Զորյանը:

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն էլ հավելեց, որ մեծ աճ ունեցող ընկերություններին է բաժին ընկնում նորարարության հիմնական գործառույթը: Նա նշեց, որ կրթական համակարգը պետք է արդար լինի և շատերի համար ապահովի մատչելիություն, ինչը նաև նշանակում է գենդերային բազմազանություն: «Անհրաժեշտ է աջակցել հետազոտական լաբորատորիաներին, անհատներին տալ կրթաթոշակներ: Պետք է աշխատել գործող հետազոտողների հետ, նրանց համար ապահովել լավ լաբորատորիաներ, կարողություններ, որպեսզի հետազոտություններ անեն: Այս ամենը շատ կարևոր է, և դրանք կբերեն տնտեսական զարգացման»,-ասաց նա:

 Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ երբ նոր էր նախարարի պաշտոնը ստանձնել, իր համար կարևոր խնդիր էր կրթական համակարգի, աշխատաշուկայի և տնտեսության կապը ստեղծելը:

«Կրթական համակարգը ավտոմատ իրականության հետ կապ չունեցող ռեժիմով էր աշխատում: Մենք ստեղծեցինք աշխատանքային խումբ, որն առաջին տարվա ընթացքում չհասցրեց լրացնել տասնամյակների բացը, բայց փորձեցինք այնպես անել, որ կրթական համակարգը սկսի մոտենալ աշխատաշուկային ու գիտությանը և որդեգրեցինք գերմանական մոդելը: Հայաստանը մեծ երկիր չէ, և կարելի է հասկանալ ընկերությունների պահանջարկը»,- ասաց նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am