Նախատեսվում է մինչև 2023-ի ավարտը վերանորոգել Երևանի մանկապարտեզների շուրջ 50%-ը. վերաբացվել է թիվ 86 մանկապարտեզը

19:55, 15 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյովա Կատվալյանի անվան թիվ 86 մանկապարտեզը հիմնադրման 30-ամյակը նշում է հիմնանորոգված շենքում: Կրթօջախը հունիսի 15-ին շուրջ 150 փոքրիկների առջև իր դռներն է բացել լուսավոր, գունավոր ու հարմարավետ խմբասենյակներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը: Լևոն Հովհաննիսյանը շրջել է մանկապարտեզում, զրուցել փոքրիկների հետ: Կարևոր այս նախագիծն իրագործվել է համայնքային բյուջեի միջոցներով:

«2021թ. մենք հատկացրել ենք շուրջ 250 մլն դրամ մանկապարտեզի կապիտալ նորոգման համար: Դռներ, պատուհաններ, սանհանգույցներ, տանիք, էներգախնայող նոր լուսավորություն, ջեռուցման համակարգ. ցուցաբերվել է համալիր մոտեցում: Այս տարի կշարունակենք նաև մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումը: Մեր երեխաներն արդեն կհաճախեն հարմարավետ պայմաններով մանկապարտեզ, ինչը մենք շատ ենք կարևորում: Դա մեր առաջնահերթ խնդիրներից է, և մեր ծրագրերում ընդգրկված են մեծ թվով մանկապարտեզներ: Կարծում եմ՝ հաջորդ տարվա ավարտին մենք կկարողանանք համայնքային մանկապարտեզների շուրջ 50%-ն արդեն վերանորոգած լինել»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

Ըստ աղբյուրի՝ հարմարավետ պայմաններ ստեղծելուց բացի, ծրագիրը լուծեց ևս մեկ կարևոր խնդիր. հինգ խմբով գործող մանկապարտեզը հիմնանորոգումից հետո հնարավորություն կունենա ընդունելու ավելի մեծ թվով փոքրիկների:

«Հաղթանակ թաղամասում այս պահին մանկապարտեզային տարիքի երեխաների թիվն անցնում է գրեթե 550-ը, և թաղամասում գործող երկու մանկապարտեզն իրենց տարողունակությամբ չէին բավականացնում, որ ապահովեինք այդ երեխաների մանկապարտեզ հաճախելը: Այս մանկապարտեզի հիմնանորոգումը բավականին լուրջ խնդիր լուծեց: Հնարավորություն կա մանկապարտեզը վերաբացել 12 խմբով, դա նշանակում է, որ կրթօջախը հնարավորություն ունի ընդունելու շուրջ 350 երեխայի»,- նկատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը:

Նշվում է, որ համայնքային բյուջեի միջոցներով 2022-ին ընդհանուր առմամբ հիմնանորոգման աշխատանքներ կտարվեն երևանյան 11 մանկապարտեզում, բացի այդ, կկառուցվի երկու նոր մանկապարտեզ: Ընթացիկ տարում կհիմնանորոգվի նաև 12 նախակրթարանի տանիք, որից հետո կտեղադրվեն արևային պանելներ: Էներգաարդյունավետություն ապահովող այս ծրագրի տնտեսումները կուղղվեն հարմարավետ պայմանների ապահովմանը:

 


© 2009 ARMENPRESS.am