Նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով Հռոմում է

10:34, 16 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի ծերացման հարցերով նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ, հանդիպումներ է ունեցել հայ կաթողիկե եկեղեցու ու հաստատությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, հունիսի 15-ին նախարար Մկրտչյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և Ս. Նիկողայոս եկեղեցի ու հանդիպել վարժարանի տնօրեն Հ. Նարեկ ծ. Վրդ. Նամոյանին։

Նույն օրը նախարարի պատվիրակությունն Անարատ Հղության հայ քույրերի միաբանությունում հանդիպել է նաև միաբանության ընդհանուր մեծավորուհի Մ. Արուսյակ Սաճոյանի հետ։

Հանդիպումներին նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթությունները, կարևորել տվյալ բնագավառում սփյուռքում գործող կառույցների հետ ջանքերի մեկտեղումը և համագործակցությունը։

Նախարարը բարձր է գնահատել միաբանության երկարամյա գործունեությունն՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների հասցեագրմանը։

Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Վատիկան, հանդիպել Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տ. Խաժակ արք. Պարսամյանին։

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am