Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին

11:26, 18 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի  հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Համաժողովը համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ նպատակ հետապնդելով վեր հանել ու քննարկել առանցքային խնդիրները և գտնել հնարավոր լուծումներ։

Նիստի հիմնական բանախոսներն են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Համաժողովի շրջանակում նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին։ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալվելով Հայաստանի տաղավարում նշել է, որ մեծապես կարևորում է նման համաժողովներում մեր երկրի ներկայացվածությունը և ընդգծել է հետագա տարիներին այն պահպանելու անհրաժեշտությունը։


© 2009 ARMENPRESS.am