Նոր գիտելիքներ, փորձի փոխանակում, ՏՏ ոլորտում կապերի ստեղծում. Երևանում մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան 2022» (չ)կոնֆերանսը

13:11, 18 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան 2022» (BarCamp Yerevan 2022) թվով 13-րդ (չ)կոնֆերանսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ (չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

«ԲարՔեմփ»-ի կազմակերպիչներից Արթուր Պապյանը նշեց, որ միջոցառումն ամբողջության կամավորական հիմունքներով կազմակերպվող միջոցառում է։

«Այն ստեղծված է ՏՏ և մեդիա համայնքը զարգացնելու, գիտելիքներով կիսվելու համար։ Ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ ոչ մի ֆորմալ մաս չկա»,- նշեց նա։

Արթուր Պապյանի խոսքով՝ (չ)կոնֆերանսի բովանդակությունը չպետք է գովազդային լինի, այն պետք է ավելի ուսուցողական բնույթ կրի:

«Որոշ ընկերություններ փորձել են ակնհայտ գովազդ անել, իրենց մատուցած ծառայությունների մասին են պատմել, որը դեմ է «ԲարՔեմփ»-ի ֆորմատին։ Եղել են դեպքեր, երբ ստիպված ենք եղել ելույթները ընդհատել ու դադարեցնել»,- ասաց նա։

Հայաստանում «ԲարՔեմփ»-ն անցկացվում է 2009 թվականից: Այս տարիների ընթացքում այն դարձել է ամենամասշտաբային ՏՏ և մեդիա միջոցառումը՝ տարեցտարի ավելի ընդլայնվելով։ Նախորդ տարի այն անցկացվել է նաև Գյումրի, Վանաձոր, Գորիս, Դիլիջան քաղաքներում։

Ներկայացնելով թե ինչով է պայմանավորված   «ԲարՔեմփ»-ի ոչ ֆորմալ  ձևաչափը՝ կազմակերպիչները նշեցին, որ եթե այլ միջոցառումների ժամանակ մարդիկ կոստյումներով, բեյջերով, պաշտոններով են, այս առումով «ԲարՔեմփ»-ը շատ ավելի պարզ է. մուտքն ազատ է բոլորի համար, թեթև ֆորմատ է։ Եթե ինչ-որ պրեզենտացիա դուր չի գալիս, կարելի է դուրս գալ ու մինչև վերջ ստիպված չնստել։

«Գալիս են մարդիկ, որոնք սիրում են շփվել ու ուզում են փոխանցել իրենց գիտելիքները։ Խոսնակները գումար չեն ստանում, կազմակերպիչներն էլ են կամավորական հիմունքներով աշխատում: «ԲարՔեմփ»-ի լավն այն է, որ ոչ ոք ստիպված չէ ձևական բեյջեր կրել, բոլորն ազատ են անել այն, ինչ ուզում են, և որ ամենակարևորն է՝ կազմակերպիչներին հաջողվել է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կաշկանդված չես»,- նշեց միջոցառման պաշտոնական գործընկեր Zoomerang հավելվածի համահիմնադիր և մարքեթինգի բաժնի ղեկավար Արման Մանուկյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների՝  այս տարի հրավիրել են միջազգային խոսնակների։ Կլինեն ելույթներ նաև առողջապահական տեխնոլոգիաների (MedTech) մասին։ 

Այս տարի միաժամանակ 8 լսարան կա, ինչը ամենամասշտաբայինն է «ԲարՔեմփ»-ի  պատմության մեջ։ Ուղիղ հեռարձակում չի լինելու, շեշտը դրել են ավելի որակյալ տեսանկարահանման վրա, որպեսզի հետագայում մարդիկ կարողանան վերանայել ու նոր բաներ սովորել։

 


© 2009 ARMENPRESS.am