Մանուկների հյուրն էր Երգի պետական թատրոնի «Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլը  

15:48, 20 Հունիս, 2022

ԳԱՎԱՌ,  20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ Երգի պետական թատրոնի Արթուր Գրիգորյանի լեգենդար «Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլը հյուրընկալվել է  Գեղարքունիքի մարզում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում երաժշտական ներկայացումը դիտելու հնարավորություն են ունեցել  Գեղարքունիքի մարզի բոլոր տարածաշրջաններից դպրոցական եւ նախադպրոցական տարիքի շուրջ 1 000 երեխաներ։ «Ներկայացումը ամբողջությամբ կենդանի հնչողությամբ երաժշտություն էր՝ կրթական եւ ինտերակտիվ հատվածներով։  Գավառի թատրոնի դահլիճում նույն օրը մյուզիքլը հաջորդաբար ներկայացվեց երկու անգամ՝ անվճար, լեփ֊լեցուն դահլիճում։ Մարզի դպրոցականները միջոցառման ընթացքում ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն եւ ստացան վառ տպավորություններ»,- ներկայացրին Գեղարքունիքի մարպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am