Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ. ՀՀ նախագահի ուղերձը զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ

19:00, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ՝ նշելով. որ 30 տարում Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանն ուղերձում նշել է. Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին և հրամանատարությանը՝ կազմավորման 30-ամյակի կապակցությամբ:

Ոստիկանության զորքերը ձևավորվեցին փաստացի պատերազմի բովում, անկախության կերտման ճանապարհին, երբ մեր նորաստեղծ պետությունը մի կողմից հարկադրված էր դիմակայել արտաքին հակառակորդին, մյուս կողմից պայքարել երկրի ներսում կարգուկանոնի հաստատման, տարբեր հանցավոր խմբերի և երևույթների դեմ: Հայաստանի Ոստիկանության զորքերին վիճակված էր հանդես գալ երկու ճակատում էլ և երկու դեպքում էլ ոստիկանության ծառայողները պատվով հաղթահարեցին այս փորձությունները՝ ունենալով նաև ծանր ու անմոռանալի կորուստներ:

Անշուշտ, 30 տարում Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ՝ առնչվելով տարբեր բարդությունների: Բայց նաև այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ոստիկանության զորքերը լիովին համահունչ են իրենց կոչման հետ՝ ապահովելով հասարակական կարգն ու բոլորիս անվտանգությունը:

Կրկին շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին և խոնարհվում հայրենիքի պաշտպանության համար զոհված ոստիկանության ծառայողների հիշատակի առաջ»:
 


© 2009 ARMENPRESS.am