Երգիչ Հայկ Պետրոսյանն ու դաշնակահար Վահագն Հայրապետյանը «Ջազնավուր» համերգով նշեցին շանսոնյեի 98-ամյակը

10:48, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, համագործակցելով ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ, տոն նվիրեց Շառլ Ազնավուրի երաժշտության երկրպագուներին՝ «Ջազնավուր»  համերգի շրջանակում հնչեցնելով շանսոնյեի լավագույն երգերը՝ ջազային մեկնաբանությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ հունիսի 21-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Հայկ Պետրոսյանը, որը բազմիցս կատարել է Ազնավուրի ստեղծագործությունները և մի քանի անգամ ներկա է եղել նրա համերգներին, հիշեցրեց, որ Ազնավուրը ծնվել է մայիսի 22-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով հեղինակի 98-ամյակին նվիրված համերգը կյանքի են կոչում հունիսի 21-ին:

Համերգին Պետրոսյանը պատմեց, որ մի առիթով լրագրողն Ազնավուրին ասել է, որ աշխարհի հանրահայտ երգիչները՝ Սթինգը, Ռեյ Չարլզը, Էլթոն Ջոնը, Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող բազմաթիվ երգիչներ, կատարել են Ազնավուրի երգերը, և հարցրել է, թե ո՞ւմ կատարումն է շանսոնյեն ամենաշատը հավանում: Ազնավուրը պատասխանել է, որ իրեն շատ է դուր եկել, երբ հանճարեղ ջազ-երաժիշտ Ռեյ Չարլզը կատարել է իր «Լա մամա» (La Mamma) երգի անգլերեն տարբերակը:

Պատմությունը ներկայացնելուց հետո Հայկ Պետրոսյանը սեփական մեկնաբանությամբ երգեց «Լա մամա» ստեղծագործությունը:

Երեկոյին, Հայկ Պետրոսյանից և Վահագն Հայրապետյանից բացի, բեմում էին Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Դանիել Մելքոնյանը (շեփոր) և Դեյվ Գյոդակյանը (կոնտրաբաս): 

Ազնավուրի հրապարակը լեփ-լեցուն էր: Պետրոսյանի կատարումները վայելում էին և՛ հայ, և՛ օտարազգի երաժշտասերները:


© 2009 ARMENPRESS.am