Տեխնոլոգիական և արվեստի ոլորտները՝ միմյանց ավելի մոտ. Orion Summit-ի շրջանակում անցկացվում է ցուցահանդես

16:00, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում անցկացվում է արվեստի ցուցահանդես, որը հնարավորություն է՝ գագաթնաժողովին մասնակցող տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին ավելի մոտիկից ճանաչելու արվեստը և, ինչու ոչ, նաև, որպեսզի արվեստագետները ճանաչեն ՏՏ ոլորտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կոչեք այն ժամանակակից» խորագրով արվեստի ցուցահանդեսին ներկայացված են 15 արվեստագետի մոտ 60 աշխատանքներ՝ գեղանկար, քանդակ, կերամիկա, գրաֆիկա, մետաղական գործեր, ժամանակակից կարպետ, ժամանակակից տեքստիլ: Մոտ 60 արվեստի գործերը ներկայացնում են հայկական արվեստի բազմազանությունն ու նոր միտումները:

«Օրիոնը» որոշեց, որ բացի IT կազմակերպություններին, նոր ստարտափներին աջակցելուց, նաև ցանկանում են աջակցել երիտասարդ հայ նկարիչներին: Եվ, այսպիսով, գագաթնաժողովի շրջանակում անցկացվում է ցուցահանդեսը: Ընտրել ենք 15 երիտասարդ հայ արվեստագետների, որոնք բոլորը ստեղծագործում են Հայաստանում: Ներկայացնում ենք արվեստի գործերի բազմազանությունը»,- ասաց ցուցահանդեսի համադրող Էմմա Հարությունյանը:

Հարությունյանը նշեց՝ Orion Summit-ի շրջանակում անցկացվող ցուցահանդեսը ավելի լայն շրջանակի ներկայանալու հնարավորություն է տալիս: «Գագաթնաժողովին մասնակցում են մարդիկ, որոնք գուցե արվեստին մոտ չեն, և մենք նպատակ ունենք իրենց նաև մոտեցնել արվեստին, այնպես անել, որ այս երկու «աշխարհները» ընդհանուր կետեր ունենան: Այսինքն՝ որպեսզի տեխնոլոգիական ոլորտը ճանաչի արվեստը, արվեստագետներն էլ հնարավորություն ունենան ծանոթանալ տեխնոլոգիական ոլորտին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Հայաստանում հաճախ ցուցահանդեսներ այցելում են միայն մարդիկ, որոնք արվեստագետ են կամ արվեստագետ բարեկամ, ծանոթ ունեն, սակայն արվեստը միայն արվեստագետների համար չէ՝ այնպես, ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միայն ոլորտի մասնագետների համար չէ: «Փորձում ենք մեր միջոցառմամբ օգնել, որ մարդիկ մոտենան արվեստին»,- նշեց նա:

Հարությունյանը նկատել է՝ գագաթնաժողովին մասնակցողների կողմից արդեն իսկ հետաքրքրություն կա ցուցահանդեսի նկատմամբ:

Orion Summit 2022-ն անցկացվում է Երևանում հունիսի 22-ին: Մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: Մասնակիցների թվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը։ Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։

«Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ:


© 2009 ARMENPRESS.am