Fly Arna-ն բացել է իր գրասենյակը Երևանում

19:02, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախկին VIP մասնաշենքի առաջին հարկում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ավիափոխադրող և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և  Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Fly Arna ընկերության գլխավոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fly Arna ընկերությունից, նոր գրասենյակը կահավորված է բաց տարածության աշխատավայրի (open environment) ձևաչափով  ՝ աշխատանքի և հանգստի համար նախատեսված առանձին տարածքներով, հանդիպումների և կոնֆերանսների մի քանի սրահներով: Նույն օրը ընկերությունը ստացել է իր առաջին օդանավը և պաշտոնապես հայտարարել իր թռիչքների մեկնարկի մասին․ համաձայն կոմերցիոն չվացուցակի՝ թռիչքները կմեկնարկեն 2022 թվականի հուլիսի 3-ից։

«FlyArna-ի չվերթների տոմսերն արդեն վաճառքում են, և հաճախորդները կարող են ամրագրել դրանք՝ այցելելով Fly Arna-ի պաշտոնական կայք (ww.flyarn.com), կապ հաստատելով զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մեկնարկային չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ՝ սկսած 2022 թվականի հուլիսի 3-ից: Ավիաընկերությունն աշխատանքներ է իրականացնում չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտնի նոր ուղղությունների մասին։

 

Fly Arna-ի մասին

 

Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկությունն է: Բազավորված լինելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ FlyArna-ն հետևում է Air Arabia ընկերության բյուջետային հաջող բիզնես մոդելին և առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն և  ցածր գնի դիմաց արժեքավոր օդային փոխադրումներ։


© 2009 ARMENPRESS.am