ՀՀ և Ղազախստանի գլխավոր դատախազները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հանցավորության դեմ պայքարի հարցեր

20:47, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 23-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, շնորհավորելով Ղազախստանի իր գործընկերոջը գլխավոր դատախազ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ոչ միայն կպահպանվի փոխադարձ վստահության և հարգանքի վրա կառուցված՝ երկու երկրների դատախազական կառույցների միջև գործակցության առկա դինամիկան, այլ նաև հնարավոր կլինի վերջինս հասցնել զարգացման նոր մակարդակի:  

«Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել հատկապես իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ՂՀ գլխավոր դատախազությունների սերտ համագործակցության առնչությամբ, ինչի մասին են վկայում քրեական գործերով իրավական օգնության բազմաթիվ հարցումների կատարման փաստը:     

Պարոն Ասիլովն իր հերթին նշել  է, որ միջպետական համագործակցության առումով ՀՀ գլխավոր դատախազությունը իրենց համար վստահելի գործընկեր է: Նա համոզմունք է հայտնել, որ  առաջիկայում երկկողմ կապերն ավելի կսերտանան և կբարձրանա գործակցության արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների առաջնահերթություններից բխող՝ հարաբերությունների զարգացման հնարավոր նոր ուղղությունները, ընդհանուր տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հանցավորության դեմ համատեղ պայքարի, փորձի, տեղեկատվության փոխանակման ոլորտներում դատախազությունների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու խնդիրները:               


© 2009 ARMENPRESS.am