Գերհզոր գոյացություն. այսպիսին է եղել հունիսի 23-ի երեկոյան գրանցված ամպրոպային ամպը

12:50, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի արևելյան և հարավային հատվածներում հունիսի 23-ի երեկոյան դիտվել է ուժգին ամպրոպ, տեղատարափ անձրև և կարկուտ, որոնք ուղեկցվել են ուժգին քամիներով:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։ Օդերևութաբանական ռադարի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթին օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։

«Ամպի մեջ առկա է եղել պտտահողմ, որը մայրաքաղաքի տարբեր հատվածներում տապալել է ծառեր, պոկել տանիքներ։ Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև: Նման ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ»,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն ՝առաջիկա 5 օրերին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում պահպանվելու է, հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ։  Մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։


© 2009 ARMENPRESS.am