Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով

21:27, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով, որը հանդիսանում է դատախազական այս կառույցի բարձրագույն պարգևը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, պարգևը ՀՀ գլխավոր դատախազին հանձնվել է Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստի ընթացքում:

«Այս կրծքանշանը շնորհվում է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազությունների միջև փոխգործակցության ամրապնդման և զարգացման,  օրենքի և իրավակարգի ամրապնդման ոլորտում դատախազությունների դերակատարության բարձրացման գործում  ունեցած բացառիկ վաստակի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերված նշանակալի անձնական, մասնագիտական ներդրման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից նման պատվի արժանացած 10-րդ անհատն է։


© 2009 ARMENPRESS.am