Արցախի Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տեղացած կարկուտը նյութական վնասներ է պատճառել

16:57, 26 Հունիս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։

Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս 3 տրանսպորտային միջոց։

Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Զարդախաչ գյուղում կազմել է 2սմ, Վերին Հոռաթաղում` 3սմ։

Կարկուտի տեսքով ուժեղ տեղումներ են գրանցվել Գետավանում, Խնկավանում, Վաղուհասում և հարակից մյուս բնակավայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կարկուտն ամենաշատը տեղացել է Հաթերքում, որտեղ դրա շերտը հասել է 5 սանտիմետրի։

Նշվում է, որ համայնքներում իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։


© 2009 ARMENPRESS.am