«Նոր գիրք»-22/22.  Վահագն, Քրիստի, Կիյոսակի  

10:25, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Սարգիս Վահագն, «Արշիլ Գորկի»

Գիրքը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, սեր, բաժանումներ, աղքատություն, ամուսնություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն... Ամեն ինչ ապրել է Գորկին՝ այդ ըմբոստ ճակատագրապաշտը: Կենսագրական վեպը, որ գեղարվեստականությամբ հանդերձ՝ հենված է փաստական տվյալների վրա, ունի ընդգծված համոզչականություն: Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երևում է լիարյունությամբ: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով և ստեղծագործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը: Գրքի էջերում հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն են կազմել: Այնքան բուռն է եղել Արշիլ Գորկու կյանքը, որ անհնար է առանց հուզումի փակել այս գիրքը: Փոխադրումը՝ Արմեն Սարգսյանի և Անուշ Ներսիսյանի։ Խմբագիր՝ Արմեն Սարգսյան։  Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն
Ագաթա Քրիստի, «Մահ ամպերի մեջ»

«Մահ ամպերի մեջ» վեպն Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ ստեղծագործությունն է: Առաջին անգամ լույս է տեսել 1935թ. մարտի 10-ին ԱՄՆ-ում՝ «Մահ օդում» վերնագրով, ապա նույն թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայում՝ արդեն հանրությանը հայտնի վերնագրով: Իրադարձությունների կիզակետում կրկին ընթերցողին քաջ հայտնի բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն է, որը հանգամանքների բերումով հայտնվում է այն ուղևորների շարքում, որոնք ակամա դառնում են մադամ Ժիզել կեղծանվամբ հայտնի վաշխառուի առեղծվածային սպանության վկաները: Հենց այդ փաստն էլ ստիպում է հռչակավոր խուզարկուին հանձն առնել խորհրդավոր գործի հետաքննությունն ու պարզել՝ ով կարող է կանգնած լինել դաժան սպանության հետևում:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպասանը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը նմանը չունեցող գրական ժառանգություն է թողել:

Թարգմանությունը` Տաթևիկ Թումանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն
Ռոբերտ Կիյոսակի, «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկը» անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունն այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։

Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։

Թարգմանությունն անգլերենից՝ Ալեքսանդր Աղաբեկյանի։  Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

 

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


© 2009 ARMENPRESS.am