Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը հետևել է մարզական կառույցների շինարարության ընթացքին

18:58, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում մարզական կառույցների իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին շրջայց է կատարել մայրաքաղաքի և Արմավիրի մարզի շինհրապարակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, Երևանում կոմիտեի ղեկավարը հետևել է Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքներին, կապալառու կազմակերպության տնօրենի հետ քննարկել ծրագրի հետագա ընթացքը: Ներկայում կատարվում են շենքերի երկաթբետոնե հիմնակմախքների կառուցման աշխատանքներ:

«Հաջորդ կանգառը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում էր, որտեղ կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Կապալառու կազմակերպության տնօրենի հետ դիտարկվել են նախագծին և սահմանված ժամանակացույցին համապատասխան աշխատանքների կազմակերպման մանրամասները: Ծանրամարտի մարզիչ Նարեկ Խաչատրյանի ուղեկցությամբ կոմիտեի ղեկավարն այցելել է նաև Ջրառատի մշակույթի տուն, որտեղ մինչև մարզադպրոցի կառուցումը մարզվում են ապագա չեմպիոնները: Նա բարձր է գնահատել անբարենպաստ պայմաններում անգամ մարզումները կազմակերպելու ջանքերը և ընդգծել ճանաչված մարզիկների անունը կրող մարզական կենտրոնների ձևավորման կարևորությունը. «Վարչապետի հանձնարարությամբ և ՀՀ կառավարության որոշումներով այս ուղղությամբ մեր երկրում իրագործվող նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն սպորտի զարգացման, այլև դպրոցից դուրս երեխաների դաստիարակության, առողջ ապրելակերպի կազմակերպման առումով»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մարզական նշանակության վերոհիշյալ երկու կառույցներից բացի, պետական բյուջեի միջոցներով, Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ներկայում իրականացվում է մարզական նշանակության շինարարական ևս 3 ծրագիր՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի, նույն քոլեջի մարզադահլիճների և «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման և վերակառուցման աշխատանքները: Զուգահեռաբար իրագործվում է հանրակրթական դպրոցների 22 մարզադահլիճների կառուցման, վերակառուցման ծրագիր, որոնցից 19-ի շինարարությունն արդեն ընթանում է: Այս տարվա բյուջեով բոլոր ծրագրերի համար հատկացվել է շուրջ 6 մլրդ դրամ, որից շուրջ 2.4 մլրդ դրամը՝ մասնագիտացված մարզադպրոցների, իսկ մոտ 3.6 մլրդ դրամը՝ 22 մարզադահլիճների համար:

Նշվում է, որ կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ, ընթացիկ որոշ խնդիրները հաղթահարելով՝ բոլոր ծրագրերը կիրագործվեն սահմանված ժամկետում: Հիմնական թերացումը, որն արձանագրվում է պարբերական շրջայցերի ժամանակ, շինհրապարակներում աշխատանքային ոչ պատշաճ միջավայրն է: Վերջին այցի ժամանակ ևս կապալառու կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրվեց խնդրին և հանձնարարվեց խստորեն պահպանել շինհրապարակում աշխատանքային կանոնները։

«Պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերի հիմքում հստակ պահանջ է դրված՝ կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, լավագույն շինարարական նյութեր, խստորեն պահպանել նորմերը, իսկ շինհրապարակներում՝ աշխատանքային պատշաճ միջավայրը»,- պարզաբանում է քաղաքաշինության կոմիտեն։


© 2009 ARMENPRESS.am