Բոլորիս իրավական պարտավորությունն է հասնել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը. վարչապետ

20:58, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների բացմամբ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղիղ եթերով պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի և մեր բոլորիս իրավական պարտավորությունն է հասնել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը, և մենք բազմիցս ենք հայտարարել, որ հետաքրքրված ենք այդ գործով»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ երբ Բրյուսելում  Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկաթուղու շինարարությունը սկսելու մասին,  Ադրբեջանը հրաժարվեց պայմանավորվածությունից, նաև հրաժարվեց գրավոր փաստաթղթից։

«Այն հայտարարությունը, որ մեր՝ ապրիլին տեղի ունեցած  բրյուսելյան հանդիպումից ժամեր առաջ արեց Ադրբեջանի նախագահը, հայտարարելով, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պիտի գործեն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Լաչինի միջանցքը, ես այն ժամանակ եմ արձանագրել, որ դա մեզ համար անընդունելի է։ Եռակողմ հայտարարության մեջ հստակ է, և այնտեղ կա  մի միջանցքի հիշատակում, և դա Լաչինի միջանցքն է, որը գտնվում է ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության ներքո«,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ  Ադրբեջանի խոսույթը մեծ խնդիր է եղել և շարունակում է այդպիսին մնալ։ «Միջազգային հանրությունը, կարծում եմ , արձանագրում է, որ Հայաստանն ամեն անգամ փորձում է լինել մաքսիմալ կառուցողական, բայց դրան ի պատասխան, մենք տեսնում ենք Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունը»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ հունիսի 27-ին պետք է տեղի ունենար հանդիպում, որը սակայն Ադրբեջանը չեղարկել է։

«Արտգործնախարարների հետ հանդիպման առաջարկ է հնչել մեր կողմից՝ հետագա աշխատանքների պլանավորման համար և այս պահի դրությամբ մենք որևէ արձագանք չունենք»,-նշեց վարչապետը։

 


© 2009 ARMENPRESS.am