Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպմանը.վարչապետ

21:02, 27 Հունիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մի քանի անգամ քննարկել են և արձանագրել, որ դեռ պետք է մեկտեղվեն խաղաղության պայմանագրի շուրջ պատկերացումները, թե ի՞նչ ձևաչափով, ինչպիսի՞ տեմպով պետք է ընթանա և ընդհանրապես խաղաղության պայմանագիրը ի՞նչ դրույթներ պետք է ներառի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անցկացվող ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կա արդյոք առաջխաղացում հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման բանակցությունների նախապատրաստման գործընթացում, ե՞րբ կմեկնարկեն բանակցությունները և երբ կստորագրվի խաղաղության բուն պայմանագիրը:
Վարչապետը տարօրինակ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե, իբր, Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը:
«Որպեսզի դետալների մեջ չխորանամ, պետք է ասեմ, որ այդ հայտարարություններից հետո, քանի որ դրանք իրենց բնույթով տարօրինակ են, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից առաջարկ է գնացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի տեղի ունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում և նրանք փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա ընթացքի վերաբերյալ:
Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ հենց նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրար հետ կապի մեջ պետք է լինեն և պետք է շփումներ ունենան, որպեսզի կարողանան հետագա աշխատանքները կազմակերպել, բայց Ադրբեջանը (արդեն առնվազն մեկ դեպք ունենք) բոյկոտել է և չի ներգրավվել աշխատանքին, ի հեճուկս պայմանավորվածությունների, և նախորդ օրվա Արտաքին գործերի նախարարության կողմից հնչած առաջարկին պատասխան չի ստացվել»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման բանակցությունների նախապատրաստման գործընթացի շուրջ նախնական քննարկումներ եղել են, սակայն դրանից հետո կոնկրետ պատկերացումներ և տեքստ էլ չկա:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շարունակենք աշխատանքը: Իմիջիայլոց, այսօր մի այդպիսի հանդիպում նախատեսված էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով, բայց ադրբեջանական կողմը մինչև այս պահը չի արձագանքել և հրաժարվել է մասնակցել: Իսկ սեղանին, բացի նրանից, ինչ հրապարակվել է, որևէ այլ փաստաթուղթ չկա»,- ասաց վարչապետը:

© 2009 ARMENPRESS.am