Վարչապետը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երթուղիների հարցում ոչ մեկ Հայաստանից ավելի շահագրգիռ չի կարող լինել

21:31, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երթուղիների քննարկման հարց կդրվի միայն իրավական կարգավորումների շուրջ ընդհանուր հայտարարի առկայությունից հետո։ Այս մասին ուղիղ եթերում պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք երթուղիներ կսկսենք քննարկել միայն այն բանից հետո, երբ իրավական կարգավորումների շուրջ կգանք ընդհանուր հայտարարի»,-ասաց նա՝ հավելելով, որ  բացվող ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնցով անցնում են։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երթուղիների ընտրությունն իրականանում այդքան էլ մեծ չէ։

«Մենք գործնականում ունենք մի 3-4, մաքսիմում 5 տարբերակ, և դրանից մեկը պետք է ընտրենք։ Երթուղին տեխնիկական հարց է, և հաճախ  փորձ է արվում քաղաքականացնել։ Երթուղիների հարցում ոչ մեկ մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել,որովհետև մենք խնդիր ունենք այդ ճանապարհներով ուղղորդել հնարավորինս մեծ միջազգային տարանցում, որը պետք է եկամուտներ բերի ՀՀ-ին»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի և իր ներկայությամբ խոստացել էր, որ գերիներ ազատ կարձակվեն, բայց հաջորդ  հանդիպմանն արձանագրվեց, որ  այդ խոստումը չի կատարվել։

«Կարող ենք արձանագրել, որ խոստում հնչել է և խոստում չի կատարվել»,-ասաց նա։


© 2009 ARMENPRESS.am