Ճամբարում աշակերտները նոր գիտելիքներ ձեռք կբերեն և կծանոթանան ռազմական կյանքին

15:13, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում հանրակրթական նոր չափորոշիչները կիրառող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարան փոխադրված աշակերտները ռազմամարզական ճամբարում կցուցադրեն այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերել արդեն մեկ տարի ներդրված կրթական նոր չափորոշիչների կիրառման ընթացքում, միևնույն ժամանակ ձեռք կբերեն նոր կարողություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմամարզական ճամբարի բացմանն այս մասին հայտարարեց  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

  Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված վարժարանում նախարարը ողջունեց աշակերտներին՝ նշելով, որ երեխաները 10 օր կանցկացնեն այս ճամբարում, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ռազմական կյանքին ծանոթանալու հնարավորություն կստանան:

«Սիրելի աշակերտներ՝ այս երկրի տերն ու ապագան դուք եք, և ձեր կրթական որակից, մակարդակից և ձեր մտածելակերպից է կախված երկրի և մեր բոլորի ապագան: Իսկ ճամբարում, բացի գիտելիքներից դուք ձեռք կբերեք նաև կարգապահություն ու ճշտապահություն՝ առանց որի անհնար է:  Սովորեք, ինքնակրթվեք, շարունակեք ծառայել մեր հայրենիքին և ժողովրդին: Մենք միասին պետք է շարժվենք դեպի զարգացում, որպեսզի ունենանք ավելի հզոր ու անվտանգ երկիր, իսկ մենք կանենք ամեն բան, որպեսզի ձեր կրթությունը և ապագան լինի երաշխավորված, խաղաղ և կայուն»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Նախարարը նաև շրջեց վարժարանում և ծանոթացավ այն պայմաններին, որոնցում երեխաները կանցկացնեն իրենց 10-օրյա ռազմամարզական հավաքը:

[gallery id= 66011]

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանը նշեց, որ ճամբարի նպատակն է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները հարստացնել և դրանց համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնել, նաև տեսական գիտելիքները գործնական պարապմուքներով ամրապնդել: Ինչպես նաև զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորել, բարձրացնել կարգապահության և պարտականությունների կատարման պատասխանատվության գիտակցումը:

Մասնագետի խոսքով՝  նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար 2021 թվականին հանրակրթության պետական նոր չափորոշիչների   փորձարկումների հետ փորձարկվել է նաև ռազմամարզական ճամբարը:

«Նշեմ, որ ճամբարի ծրագիրը կառուցվել է գործնական պարապմունքների հիմքի վրա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բանակի վաշտի կառուցվածքի նմանությամբ։ Ճամբարն ունի ուսումնական ծրագիր, որը ոչ միայն ապահովում է դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի 10-րդ դասարանում անցած ծրագրի գործնական պարապմունքները, այլև կան թեմաներ, որոնք չեն կրկնում ՆԶՊ ծրագիրը: 2022 թվականին ռազմամարզական ճամբարին մասնակցում են շուրջ 700 սովորող: Ճամբարը իրականացվում է հինգ փուլով, որին 10-օրյա հերթափոխով կմասնակցեն Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների դպրոցների աշակերտները»,- ասաց Արթուր Կարապետյանը:

Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի աշակերտ Արամայիս Վարդանյանը ընդգծեց, որ ռազմամարզական ճամբարում ստացած գիտելիքների շնորհիվ բանակային կյանքը կդառնա ավելի հեշտ, քանի որ իրենք կստանան ռազմական լուրջ հմտություններ և գիտելիքներ:

«Մենք գիտենք, որ այս 10 օրերը նվիրելու ենք մեր հայրենիքին՝ ունենալով ավելի շատ գիտելիքներ: Մենք զինվորների նման արթնանում ենք առավոտյան շուտ, մեզ սովորեցնում են շարային քայլ, կրակային պատրաստություն, ինժեներական աշխատանք, առաջին բուժօգնություն և մի շարք այլ կարևոր հմտություններ»-ասաց նա:

Արամայիսը նշեց, որ  ռազմամարզական ճամբարին մասնակցում է առաջին անգամ և կարծում է, որ 10 օր ապրելով իսկական զինվորական կյանքով ՝ ավելի  պատրաստված կզորակոչվի բանակ:

 


© 2009 ARMENPRESS.am