Երևանի քաղաքապետն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն

15:39, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել դրա աշխատանքներին:

Երևանի քաղաքապետարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը: Խոսելով տրանսպորտային համակարգի Երևանում նախաձեռնված բարեփոխումների ծրագրերի մասին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առանձնակի կարևորել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում:

Այնուհետև Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է հայ գործարարների հետ, ովքեր հայ-ֆրանսիական արդյունաբերական պալատի անդամ են: Հրաչյա Սարգսյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, առկա խնդիրների լուծման գործում քաղաքային իշխանության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը: Քաղաքային տնտեսության զարգացման առումով կարևորելով գործարար շրջանակների ներգրավվածությունը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու ցանկացած առաջարկ և ըստ ամենայնի օժանդակելու դրանք կյանքի կոչելուն:
Ֆրանսիացի հայազգի գործարարները ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել և նշել, որ իրենց համար անչափ կարևոր է մասնակցել Երևանի զարգացմանը միտված նախաձեռնություններին:

Երկու բարեկամ քաղաքներ Երևանի և Մարսելի միջև հաստատված շուրջ 30-ամյա գործակցությունը նոր թափ կստանա՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտները։

 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ այս այցը լավ հնարավորություն է՝ նախանշելու գերակա ուղղությունները։

 Կողմերը կարևորել են մասնագետների փոխանակումը` ընդգծելով, որ համանման խնդիրներ ունեցող քաղաքները պետք է համատեղեն ուժերը` արդյունքներ գրանցելու համար:

 


© 2009 ARMENPRESS.am