«Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են

19:33, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի հուլիսի 5-ից «Յուքոմ» ընկերության շարժական կապի բաժանորդները կօգտվեն «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀՀ բոլոր օպերատորների համար կարգավորվող սակագներից։ Մասնավորապես՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգում մուտքային զանգերի համար կգործի 13 դրամ/րոպե, իսկ դեպի Ucom ցանց և տեղական զանգերի համար՝ 27 դրամ/րոպե սակագինը։ SMS-հաղորդագրությունների գինը 10 դրամ/SMS է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից։

«Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգում ինտերնետի սակագինը Ucom-ի բաժանորդների համար կմնա անփոփոխ՝ 15 դրամ/ՄԲ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռոումինգում Ucom հեռախոսահամարից օգտվելու համար մինչև Հայաստանից մեկնելն անհրաժեշտ է ակտիվացնել նշյալ ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին: Ռոումինգի ակտիվացումն անվճար է:

Ընկերությունը հիշեցնում է, որ ռազմական իրավիճակով պայմանավորված, «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգին միանալիս 2020 թվականի հոկտեմեբրի 21-ից ժամը 18։00-ից գործել է 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաև տեղական զանգերի համար։


© 2009 ARMENPRESS.am