Ծաղկունք գյուղում կայացել է Արցախյան վերջին պատերազմի հերոս Վարդան Կարապետյանին նվիրված հուշամրցաշար  

14:22, 29 Հունիս, 2022

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծաղկունք գյուղում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Կարապետյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են ծաղկունքցի երիտասարդ ֆուտբոլիստները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից՝ մինչ ֆուտբոլային մրցաշարի անցկացումը տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, որի ընթացքում դպրոցի սաները հայրենասիրական երգերով, մեր հերոսներին նվիրված բանաստեղծական տողերով իրենց հարգանքի տուրքն են  մատուցել  Վարդանի եւ նրա ընկերների հիշատակին:

Մրցաշարին մասնակից ծաղկունքցի ավագ եւ պատանի սերնդի ֆուտբոլիստները պարգեւատրվել են  Վարդան Կարապետյանի անվան մեդալներով եւ պատվոգրերով: Ֆուտբոլային երկու գավաթներից մեկը հանձնվել է Վարդան Կարապետյանի ընտանիքին, իսկ մյուսը տեղադրվել  Ծաղկունքի բաց դպրոցում՝ վերջերս Վարդան Կարապետյանի անունով անվանակոչված դասասենյակում:

Օրվա խորհուրդն ամփոփվել է  Վարդանի շիրմին կատարված այցելությամբ։

Մարզական ինքնատիպ միջոցառման մասնակիցները, Վարդանի հարազատները ծաղկեպսակ են դրել  ու ծաղիկներ խոնարհել  հերոսի շիրմին։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am